Նպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆIravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ սոցիալական պաշտպանության ոլորտի տվյալների շտեմարանների կանոնակարգերի նախագծերը, որոնցով նախատեսվում է հստակեցնել նպաստների, կենսաթոշակների և սոցիալական աջակցության այլ տեսակների նշանակման ու վճարման գործընթացներում օգտագործվող տվյալների կազմը, դրանց ստացման, ներկայացման, թարմացման և փոխանակման կարգը։ Նախագծերի նպատակն է սահմանել յուրաքանչյուր շտեմարանում ներառվող տվյալների աղբյուրները, դրանց կառավարման պատասխանատուներին և օգտագործման պայմանները։
Ի՞նչ տվյալներ են ներառվելու շտեմարաններում
Սոցիալական պաշտպանության ոլորտում նպաստների, կենսաթոշակների և աջակցության այլ տեսակների նշանակման, ինչպես նաև ծառայությունների մատուցման ընթացքում ձևավորվում և օգտագործվում են շահառուների ու նրանց տրամադրված աջակցության վերաբերյալ տվյալներ։
Տվյալների մի մասը ստացվում է այլ մարմիններից կամ տեղեկատվական համակարգերից, իսկ մյուս մասը ձևավորվում է համապատասխան ծառայության մատուցման ընթացքում։ Նախագծերով նախատեսվում է հստակեցնել, թե յուրաքանչյուր շտեմարանում ինչ տվյալներ են ներառվելու, որոնք են ստացվելու սկզբնաղբյուրներից, և որոնք են ձևավորվելու հենց շտեմարանում։
Ինչպե՞ս են կարգավորվելու տվյալների հավաքումն ու փոխանակումը
Նախագծերով սահմանվում են յուրաքանչյուր շտեմարանի նպատակը, կառուցվածքը, դրանում ներառվող տվյալների կազմը և վարման կարգը։
Հստակեցվում են տվյալների ստեղծման, ստացման, ներկայացման և թարմացման ընթացակարգերը, շտեմարանների կառավարման ու շահագործման պատասխանատվությունը, ինչպես նաև տվյալների հասանելիության և պաշտպանության պայմանները։
Կանոնակարգերի ընդունման արդյունքում տվյալներ ներկայացնող մարմինները կկարողանան հստակեցնել, թե ինչ տեղեկություն, ինչ աղբյուրից և ինչ կարգով պետք է տրամադրեն, իսկ տվյալներն օգտագործող մարմինները՝ դրանց բովանդակությունն ու ժամանակահատվածը։
Ի՞նչ ակնկալիքներ կան կանոնակարգերի ընդունումից
Նախագծերի ընդունումը կնպաստի սոցիալական պաշտպանության ոլորտում շահառուների և նրանց տրամադրված աջակցության վերաբերյալ տեղեկությունների համադրելիությանը։
Սա հնարավորություն կտա հայտնաբերել և ճշտել տվյալների անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովել պետական մարմինների միջև տվյալների հիմնավորված փոխանակումը։
Ո՞վ է պատասխանատու շտեմարանների կառավարման համար
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված են Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏԳԱ)՝ որպես աշխատանքները համակարգող մարմին, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը՝ որպես տվյալների կառավարիչ, և «Բարեկեցության տեղեկատվական համակարգերի ձեռնարկություն» հիմնադրամը (WISE, նախկինում՝ «Նորք»)՝ որպես ծրագրերն իրականացնող և սպասարկող կազմակերպություն։
Արդյո՞ք լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում
Հիմնավորման համաձայն՝ նախագծերի ընդունման համար պետական բյուջեից ֆինանսավորում չի պահանջվում։
Նախագծերը նպաստում են սոցիալական պաշտպանության ծառայությունների թվայնացմանը և պետական մարմինների միջև տվյալների փոխգործելիության բարելավմանը։
Ծանուցում․ Նախագծերը վերաբերում են սոցիալական պաշտպանության ոլորտի տվյալների շտեմարանների կանոնակարգմանը։ Դրանց ընդունմամբ կհստակեցվեն տվյալների հավաքման, ստացման, կառավարման, պահպանման և պետական մարմինների միջև փոխանակման պայմանները։



