Մերձմոսկվայում հայ գործարարի են սպանել․ նա բժշկական կենտրոնի տնօրեն էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄերձմոսկովյան Շելկովսկու շրջանում՝ «Охотничий дворик» սրճարանի հարեւանությամբ, սպանել են 34-ամյա հայ գործարար Սերգեյ Մկրտչյանին։ Նախնական տեղեկություններով՝ նրան սպանել են՝ բիզնեսին տիրանալու համար։
Գործարարը, ով Երեւանից է ժամանակին տեղափոխվել ՌԴ, նստած է եղել իր «Lexus GX» մեքենայում՝ ընկերոջ հետ, երբ մոտեցել է անհայտ անձն ու հինգ անգամ կրակել գործարարի վրա։ Գնդակներից մեկը դիպել է գործարարի ընկերոջ ոտքին, նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Մկրտչյանը տեղում մահացել է։
Հայտնի է դարձել, որ Սերգեյ Մկրտչյանը վերջին երեք տարիներին գլխավորում էր «Մեդկոմ» բժշկական կենտրոնների ցանցը, որոնցից մեկը նույն տարածքում է, որտեղ նրան սպանել են, մյուսը՝ Մոսկվայում։ Սակայն բժշկական կենտրոնի մասնաբաժնի միայն մի մասն էր նրանը, եւս մի քանի հոգի բաժին ունեին բիզնեսից։ Ինչպես ասել են գործարարի հարազատները, վերջին շրջանում նա լավ տրամադրություն է ունեցել, քանի որ գործերը լավ էին ընթանում, որեւէ սպառնալիքներ նրա հասցեին չեն հնչեցվել։
Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։
Պատրաստեց Past.am-ը:



