Դատավորի մեկ ամսվա աշխատավարձը հինգ միլիո՞ն է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Գագիկ Ավետիսյանի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Ավետիսյանին է պատկանում մեկ առանձնատուն, մեկ բնակարան եւ մեկ հողամաս: Նախկին դատավորը հայտարարագրել է նաեւ «TOYOTA HIGHLANDER 3.0» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Ավետիսյանի փոխառությունները կազմել են 10 միլիոն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 31 միլիոն դրամ:
Հայտարարագրում ուշագրավ մի գրառում կա, ըստ որի՝ նախկին դատավորը մինչ աշխատանքից ազատվելը հունվարի մեկից մինչեւ փետրվարի երեքն ընկած ժամանակահատվածում ունեցել է 5 միլիոն 392 հազար դրամի եկամուտ: Սրա հետ միասին՝ նա ստացել է 560 հազար դրամ կենսաթոշակ:
Նրա կինը՝ Ժաննա Ղազարյանը, 2014 թ-ի հայտարարագրում գրառել է 12 միլիոն 100 հազար դրամի չափով գումար եւ վարձակալության դիմաց ստացված եկամուտ՝ 540 հազար դրամի չափով:
Նշենք, որ Գագիկ Ավետիսյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հետ կապված: Նա աշխատել է Երևանի Հիդրոմելիորատիվ տեխնիկումում, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, Երևանի տնտեսաիրավագիտական ինստիտուտում: Դասավանդել է «Իրավունքի հիմունքներ», «Քրեական դատավարության իրավունք» առարկաները։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան