ԵԱՀԿ գործող նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ խոսել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա մտահոգություն է հայտնել շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մենք մտահոգված ենք շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին մահվան ելքով պատահարների մեծ թվի առնչությամբ: Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ավելի ինտենսիվ դարձնենք մեր ջանքերը: Մենք պետք է շտապ գտնենք զոհերի թիվը նվազեցնելու ճանապարհը: Եվ մենք չպետք է հուսահատվենք և հակամարտության տևական կարգավորումը գտնենք ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Շտայնմայերը:
Նա դեմ է արտահայտվել հակամարտություններին «սառեցված» կամ «ձգձգված» պիտակավորումները տալուն՝ համոզմունք հայտնելով, որ չպետք է ընդունել նման ֆատալիզմ:
«Երկար տարիներ այս հակամարտությունները դժվարություններ են բերել դրանցից տուժող մարդկանց և պատճառ են դարձել դրանցում ներգրավված տարածաշրջանների հետընթացի համար: ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում մենք ցանկանում ենք ցանկացած ջանք վերածել ավելի կառուցողական մոտեցման՝ կայունացնելու հրադադարի ռեժիմները, վերակառուցելու վստահություն փոքր, բայց զգալի քայլերով»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:



