ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի խախտման տվյալների ստուգման գործընթացը. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տեղեկությունների ստուգման գործընթացը: Այդ մասին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին՝ փետրվարի 29-ին ելույթ ունենալով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆր անկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, որն այցով գտնվում է Վաշինգտոնում:
Քերին հայտնել է, որ վերջին օրերին մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Եվ մենք համաձայնեցինք, որ, չնայած երկուստեք հրադադարի ռեժիմի մի շարք խախտումների վերաբերյալ հաղորդումներին, մենք չենք ցանկանում հրապարակավ՝ մամուլի միջոցով, վիճել դրա շուրջ, մենք ցանկանում ենք աշխատել, որպեսզի նման դեպքեր չլինեն: Եվ մենք համաձայնեցրել ենք այն գործընթացը, որի միջոցով լուծելու ենք այդ խնդիրը»,- հավելել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Ժնեւում եւ Ամմանում աշխատում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնագետների խումբը: «Նրանք կապ են պահպանում միմյանց եւ Սիրիայում գտնվող մարդկանց հետ: Եվ մենք արձանագրելու ենք Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի յուրաքանչյուր ենթադրյալ խախտում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



