Սերբիայում ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 400 մարդ է տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍերբիայում ջրհեղեղների հետեւանքով վերջին մի քանի ժամվա ընթացքում ավելի քան 400 մարդ է տարհանվել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը դուրս են եկել հունից եւ հեղեղել երկրի տարբեր շրջանները: Արտակարգ դրություն է հայտարարվել Չաչակ, Լուչանե, Արիլե, Բաինա-Բաշտա, Տոպոլա եւ Պոժեգա քաղաքներում: Տուժել են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, դպրոցների շենքեր, վնասվել են ճանապարհներ եւ այլ ենթակառուցվածքներ:
Առավել վտանգավոր իրավիճակ է Չաչակում, որտեղ, վերջին տվյալներով, ավելի քան 420 մարդ է տարհանվել, Չեմերնիցա գետը հեղեղել է ափամերձ արգելապատնեշները, իսկ գյուղերի ծայրամասերում առնվազն 500 տուն եւ մի քանի վանք ջրի տակ է անցել:
Փրկարարները շարունակում են տարհանել հիմնականում խորտակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչներին: Արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման գործում ներգրավվել են նաեւ բանակն ու ոստիկանությունը:



