Ադրբեջանը փաստաթուղթ կստորագրի ՇՀԿ հետ գործընկերության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում, որտեղ նա պետք է փաստաթուղթ ստորագրի Շանհայի համագործակցության կազմակերպության հետ երկխոսության գծով Ադրբեջանին գործընկերոջ կարգավիճակ հատկացնելու մասին:
Այս մասին, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ Մամեդյարովը պետք է հանդիպի նաեւ Չինաստանի պաշտոնատար անձանց հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը եւս մտադիր է դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ:
ՇՀԿ լիիրավ անդամներ են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդ պետություններ են հանդիսանում Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը: Երկխոսության գծով գործընկերների կարգավիճակ ունեն Հայաստանը, Շրի Լանկան եւ Թուրքիան:



