Սիրիական զորքերին 4 կիլոմետր Է բաժանում ԻՊ-ի զավթած Պալմիրայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակն «Իսլամական պետության» (ԻՊ) հրոսակախմբերի դեմ մարտեր Է մղում Պալմիրա անտիկ քաղաքից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես մարտի 16-ին հայտնել Է «Ալ Վաթան» թերթը, կառավարական ուժերի մարտիկները գրավել են օազիս-քաղաքի վրա վեր խոյացող Էլ Խայալ ռազմավարական բարձունքները, քաղաք, որը գտնվում Է Սիրիական անապատում՝ Դամասկոսից 240 կիլոմետր հեռավորության վրա:
ԻՊ-ն Պալմիրան գրավել Է անցյալ տարվա մայիսի 21-ին, դրա շուրջը զինյալներն ստեղծել են մի քանի պաշտպանական բնագծեր: Անցած ամիսներին Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը բազմիցս գործողություններ Է իրականացրել քաղաքից դեպի արեւմուտք եւ հարավ ընկած ճակատում: Անձնակազմի թվում հավանական մեծ կորուստները հետաձգում Էին վճռական գրոհը:
Անցյալ շաբաթ ռուսական եւ սիրիական օդուժի օգնությամբ կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները կարողացան վերստին ընդհուպ մոտենալ քաղաքին: ԻՊ-ի դիրքերին հուժկու հարվածներ են հասցվում: ԻՊ-ի ահաբեկիչները կորուստներ են կրում եւ, ականատեսների տվյալներով, արդեն սկսել են ուժերը հետ քաշել Ռաքքա, որտեղ գտնվում Է նրանց գլխավոր հենակետը:
Պալմիրայի ազատագրումը սիրիական զորքերին թույլ կտա վերահսկողության տակ վերադարձնել Հոմսի նահանգի արեւելյան մասը եւ Դեր Զորում գտնվող խճուղին, ինչպես նաեւ այնուհետեւ դուրս գալ դեպի Իրաքի հետ սահման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



