Գերմանիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնվտանգության նկատառումներից ելնելով՝ Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ որոշում է կայացրել փակել Անկարայում Գերմանիայի դեսպանատունն ու Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը, ինչպես նաև երկու քաղաքներում գերմանական դպրոցները` անվտանգության նախազգուշացում ստանալուց հետո: «Կան որոշ հստակ ցուցումներ այն մասին, որ Թուրքիայում մեր ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում է սպասվում»,- Բեռլինում լրագրողներին ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նա տեղեկացրել է, որ անվտանգության մարմինները փորձում են ավելի շատ տեղեկատվություն հավաքել: Շտայնմայերը չի հստակեցրել, թե որքան ժամանակ են ներկայացուցչությունները փակ մնալու:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ,ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում՝ 15-ի վիճակը ծանր է:



