Սարկոզին Թուրքիայի հետ կնքված միգրացիոն համաձայնագիրը շանտաժ է կոչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խիստ քննադատության է ենթարկել միգրանտների հարցով Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները, որոնք հանգեցրին վիզային ռեժիմի չեղարկման եւ եվրաինտեգրման գործընթացի շուրջ Անկարային արված զիջումների: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես կտրականապես դեմ եմ 80 մլն թուրքերի համար վիզայի չեղարկմանը: Հիմա մենք եվրոպացիներին բացատրում ենք, որ Շենգենը փլուզվեց, որ հարկավոր է փոխել այն, որ միգրացիոն ճնշումն աննախադեպ է, եւ առաջին իսկ որոշմամբ խոստանում ենք առանց վիզայի ռեժիմ 80 մլն բնակչությամբ երկրի համար, որը ԵՄ անդամ չէ... Դա շանտաժ է, դա հակասում է առողջ դատողությանը»,- ֆրանսիական iTELE հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին:
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարներն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համաձայնության եկան Հունաստան ժամանած միգրանտներին վերադարձնելու շուրջ՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման, լրացուցիչ 3 մլրդ եվրոյի հատկացման եւ միգրացիոն խնդրի շտկման դիմաց:



