Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինուժերը համատեղ վարժանքներ են սկսել Դեղին եւ Ճապոնական ծովերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը ռազմածովային ուժերի նավերի չորսօրյա համատեղ վարժանքներ են սկսել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությանը, վարժանքները երկրում անցկացվող Foal Eagle հարավկորեական-ամերիկյան ընդգրկուն զորավարժությունների բաղկացուցիչ մասն են:
«Վարժանքներին, որոնք ընթանում են Դեղին եւ Ճապոնական ծովերում, երկուստեք մասնակցում են շուրջ 50 նավ ու սուզանավ, ներառյալ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջոն Սթեննիս» ատոմային ավիակիրը, ինչպես նաեւ ինքնաթիռներ»,- նշում է գործակալությունը:
Foal Eagle զորավարժություններն սկսվել են մարտի 7-ին եւ կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը: Այս տարի դրանց մասնակցում են ավելի քան 300 հազար հարավկորեացի եւ 15 հազար ամերիկացի զինծառայողներ:
Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է այդ ընդգրկուն զորավարժությունների վտանգավոր ու սադրիչ բնույթի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



