Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորել է քաղաքացիներին չմեկնել Բրյուսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին խուսափել Բրյուսել մեկնելուց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը: Միաժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Բելգիայի մայրաքաղաքում բնակվող թուրքերին հորդորել է դուրս չգալ փողոց և մնալ ապահով վայրերում:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը որոտացել է մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 34 մարդ, վնասվածքներ են ստացել գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել է ահաբեկչական գործողություններ:Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, Բրյուսելի օդանավակայանը հետաձգել էր բոլոր չվերթները:



