Բրյուսելում ոստիկանական խոշոր գործողության արդյունքում վեց մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈստիկանական ընդգրկուն հատուկ գործողություն է անցկացվել Բրյուսելի երեք կոմունաներում՝ ահաբեկչական վերջին գործողությունների հետաքննության շրջանակներում, վեց մարդ ձերբակալված է: Այդ մասին ասված է Բելգիայի համերկրային դատախազության հաղորդագրության մեջ:
«Բրյուսելի օդսնավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում ահաբեկչական գործողությունների գործով համերկրային դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում մի շարք խուզարկություններ են անցկացվել Բրյուսելի երեք կոմունաներում: Վեց մարդ ձերբակալված է, նրանց կալանքի տակ վերցնելու որոշումը կընդունվի մարտի 25-ին»,- հայտնել է դատախազությունը:
Մարտի 22-ին երեք պայթյուն է տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: Թագավորության առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ դրանք 31 մարդու կյանք են խլել, 316 հոգի վերքեր են ստացել, նրանցից 121-ը գտնվում են հիվանդանոցներում: Նախօրյակին երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առավելագույն չորրորդից իջեցվել Է երրորդ մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



