Վրաց-ամերիկյան զորավարժություններին կմասնակցեն նաեւ բրիտանացիները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի զինվորականները մայիսին կմասնակցեն «Արժանի գործընկեր 2016» (Nobel Partner 2016) զորավարժություններին, որոնք անցկացվելու են Թբիլիսիի մերձակա Վազիանի զորափորձարանում: Այդ մասին Թբիլիսիում լրագրողներին հայտնել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Մարկ Բրիդլավը:
«Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2015 թվականի մայիսին: Դրանց մասնակցել են շուրջ 600 վրացի ու ամերիկացի զինծառայողներ:
«2016 թվականի մայիսին «Արժանի գործընկեր 2016» զորավարժությունները երեք շաբաթվա ընթացքում վրացի, ամերիկացի ու բրիտանացի զինվորականներին կմեկտեղեն Վազիանիում, որպեսզի ուժեղացնեն ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համապատասխան հնարավորությունները: Այս տարի անցյալ տարվա համեմատությամբ զորավարժություններն ավելի ընդգրկուն կլինեն»,- ասել է Բրիդլավը մամուլի ասուլիսում:
Առաջիկա զորավարժություններում գործի կդրվեն նաեւ ամերիկյան Abrams տանկեր, հաղորդել Է Sputnik-ը:



