ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի վերջին ծրագրում է այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան. աղբյուր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ երկրորդ անգամ լինել Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում:
«Ես չեմ կարող ստույգ ամսաթվեր նշել, բայց ուղեւորությունը կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրման արարողությունից (ապրիլի 22) հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մարտի 31-ին չի հաստատել, բայց եւ չի հերքել առաջիկա այցի վերաբերյալ տեղեկատվությունը: «Մենք չենք կարող դա հաստատել, բայց ես հուսով եմ, որ մենք շուտով դրա վերաբերյալ ասելու բան կունենանք»,- նշել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:



