Բրյուսելի օդանավակայանը պատրաստ է մասնակիորեն վերսկսել աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեկ շաբաթ առաջ ահաբեկչական հարձակումից տուժած Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանը պատրաստ է մասնակիորեն վերսկսել աշխատանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտարարել է օդանավակայանի ղեկավարությունը:
Սակայն օդանավակայանը կկարողանա չվերթեր ուղարկել եւ ընդունել ապրիլի 1-ի երեկոյից ոչ շուտ, ասված է հայտարարության մեջ:
Զավենտեմ օդանավակայանը փակվել էր մարտի 22-ին, երբ մահապարտ ահաբեկիչները պայթուցիկ սարքեր գործի դրեցին թռիչքների սրահում:
Ինչպես նշել է օդանավակայանի ղեկավար Առնո Ֆեյստը, տրանսպորտային հանգույցն աշխատանքը կսկսի առայժմ միայն իր կարողության 20 տոկոսի չափով: Նրա խոսքով՝ ամիսներ կանցնեն նախքան օդանավակայանը կաշխատի ողջ հզորությամբ:
Առայժմ օդանավակայանը կկարողանա ժամում սպասարկել Բրյուսելից մեկնող 800-ից ոչ ավելի ուղեւորների: Դա անհամեմատ քիչ է Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի սովորական ուղեւորահոսքից, որը ժամում կազմում է շուրջ 5 հազար մարդ:



