Սիրիայում ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» «մամուլի քարտուղարին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում իրականացված ավիահարվածի հետեւանքով սպանվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման «մամուլի քարտուղարը» ու եւս առնվազն 20 զինյալներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խմբին:
Աբու Ֆիրասը, որը հայտնի է «Սիրիացի» մականվամբ, ոչնչացվել է Իդլիբ հյուսիսարեւմտյան նահանգում, ենթադրաբար, Սիրիայի ռազմաօդային ուժերի կամ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածի հետեւանքով: Ֆիրասի հետ մեկտեղ զոհվել է նրա որդին, ինչպես նաեւ Ուզբեկստանից ժամանած զինյալներ:
Ինչպես նշում է Reuters-ը, Աբու Ֆիրասը պարբերաբար մեկնաբանություններ էր տալիս «Ջեբհաթ ան-Նուսրայի» անունից: 1980-ական թվականներին նա մոջահեդների շարքերում կռվել է Աֆղանստանում, եղել է «Ալ Քաիդայի» պարագլուխ Ուսամա բեն Լադենի զինակիցը:



