Հայաստանում տեղյակ չեն ԵԱՏՄ-ի երեւանյան գագաթնաժողովին Մեդվեդեւի այցը չեղյալ հայտարարելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է.
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի` Երեւան այցի վերաբերյալ որեւէ փոփոխություն առայժմ չկա: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ԵԱՏՄ-ում որոշել են չեղյալ համարել Երեւանում վարչապետների գագաթնաժողովը եւ տեղափոխել ավելի ուշ ժամկետի Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ: Մեդվեդեւի մասնակցությամբ գագաթնաժողովը կգնահատեին որպես աջակցություն կողմերից մեկին:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան մարտի 24-ին ազդարարվել էր ռուսաստանյան կառավարության կայքում: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ապրիլի 7–8-ին Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան կայցելի, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի (Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմինը) նիստին, ինչպես նաեւ բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսված է քննարկել երկկողմ համագործակցության վիճակը եւ հեռանկարները առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկական, արդյունաբերական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում, ասված է Մեդվեդեւի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



