Ասադն իր տիկնոջ հետ քվեարկել են Սիրիայի խորհրդարանական ընտրություններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա տիկինը խորհրդարանական ընտրություններում քվեարկել են Դամասկոսի «Ասադ» ընտրական տեղամասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՆԱ սիրիական ազգային գործակալությանը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Սիրիայում առավոտյան ժամը 7:00-ից ավելի քան 7 հազար ընտրական տեղամաս է բացվել խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար: Երկրի քաղաքացիները կկարողանան քվեարկել մինչեւ 19:00-ը:
Ժողովրդական խորհրդի ընտրություններն ընթանում են երկրի 15 նահանգներից 13-ի տարածքում: Բացառություն են կազմում Ռաքան եւ Իդլիբը, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալների հսկողության ներքո: Այդ տարածաշրջաններից փախստականներին հնարավորություն է ընձեռված քվեարկելու իրենց ժամանակավոր բնակության վայրերի ընտրական տեղամասերում:

Ժողովրդական խորհուրդը բաղկացած է 250 պատգամավորներից, որոնք համընդհանուր, ուղղակի եւ գաղտնի քվեարկությամբ ընտրվում են չորս տարի ժամկետով:
Ինչպես հայտնել Է Սիրիայի ընտրական հանձնաժողովը, խորհրդարանական ընտրություններին մասնակցում են շուրջ 3,5 հազար թեկնածուներ, որոնք պետք է լինեն 25-ից ոչ ցածր տարիքի եւ չունենան դատվածություն: Նրանք նաեւ պետք է ունենան Սիրիայի առնվազն տասը տարվա քաղաքացիություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



