Սիրիայում քվեարկողների շրջանում ակտիվություն է նկատվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին քվեարկողների շրջանում ակտիվություն է նկատվում: Սիրիայի քաղաքացիները խիտ շարքերով մասնակցում են ընտրական գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից:
«Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից փոխանցեցին, որ ընտրողների շրջանում ակտիվությունը նկատվում է առավոտյան ժամը 07:00-ից սկսած: Մեծ թվով Սիրիայի քաղաքացիներ շտապում են ընտրատեղամասեր` կատարելու իրենց քաղաքացիական պարտքը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ու նրա տիկինը` Ասմա ալ Ասադը, արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը և մասնակցել քվեարկությանը: Սիրիայում առավոտյան ժամը 07:00-ից ավելի քան 7 հազար ընտրական տեղամաս է բացվել: Թեկնածուների շրջանում թեժ մրցակցություն կա: Խորհրդարանի 250 աթոռի համար պայքարում է 3500 թեկնածու:






