Գորիսի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքը կվերագործարկվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիսի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
«Այն կնպաստի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմանը, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման մատչելիության ապահովմանը: Նկատի ունենալով նաև Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների հեռավորությունը մարզկենտրոն Կապանից, որտեղ գործում է մարզի միակ հակատուբերկուլոզային բաժանմունքը, որոշման ընդունումը հնարավորություն կտա կանխարգելելու տուբերկուլոզ հիվանդությունը, հրատապ իրականացնելու հիվանդների հետագա վերականգնողական բուժումը, ապահովելու առողջապահական ցուցանիշների բարելավումը, տարածքի ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, մատչելիությունը և հասանելիությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու պարագայում նախատեսվում է տարեկան սպասարկել 70-80 հիվանդի:



