Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն, կանանց Հայաստանի հավաքականի պատմական հաջողությունը
ՍՊՈՐՏՀռիփսիմե Խուրշուդյանը դարձավ ծանրամարտի կանանց Եվրոպայի 2016թ. չեմպիոն:
Նորվեգիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտի 250 կգ (113+137) արդյունքով վստահորեն գրավեց առաջին տեղը: Խուրշուդյանը լավագույնն էր թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում: Երկամարտում նա մեկ կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված վրացի Անաստասիա Հոտֆրիդին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 17-ամյա Արփինե Դանիելյանը երկամարտի 213 կգ (93+120) արդյունքով 6-րդն էր:
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին անգամ թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը:
Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին նաեւ Անդրանիկ Կարապետյանն ու Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: Ապրիլի 16-ին պայքարի մեջ կմտնի նաեւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը (ժամը 19:00-ին):