Սիրիայի իրադրության կարգավորման բանալին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ձեռքում է. դե Միստուրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, ԱՄՆ-ը եւ համաշխարհային մյուս տերությունները պետք է հանդիպում անցկացնեն, որպեսզի նպաստեն Սիրիայի շուրջ բանակցությունների գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք պետք է վերականգնենք հրադադարի ռեժիմի պահպանումը, արագացնենք մարդասիրական օգնության փոխադրումը, մենք կխնդրենք Սիրիայում խաղաղ գործընթացի հովանավոր երկրներին հանդիպում անցկացնել»,- ասել է նա:
Դե Միստուրան հավելել է, որ, իր կարծիքով, «Սիրիայի իրադրության կարգավորման բանալին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ձեռքում է»: «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին մենք կարողացանք գործարկել թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը պահպանվում է արդեն 49 օր: Եվ դա իսկական հրաշք է»,- ասել է դե Միստուրան:
Նա հայտարարել է, որ միջսիրիական խաղաղ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ: «Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ գործընթացը ձախողվի»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հաջորդ շաբաթ կշարունակվեն արդյոք բանակցությունները:
2011 թվականի մարտից ի վեր Սիրիայում պատերազմի զոհ է դարձել 400 հազար մարդ, ասել է Ստաֆան դե Միստուրան: «Մենք պետք է վերջ դնենք այդ ողբերգությանը»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



