Իրաքում կայացել են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մայրաքաղաք Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգը: Այնուհետ եկեղեցում տեղի ունեցավ հայկական մշակութային միությունների կողմից կազմակերպված հիշատակի միջոցառում, որի ժամանակ հնչեցին հայ դասականների ստեղծագորություններ և հոգևոր շարականներ:
Միջոցառման ավարտին Բաղդադի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղադրված և հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող հուշարձանին զետեղվեցին ծաղկեպսակներ:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության անձնակազմը, համայնքային կառույցների ու մշակութային միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողություն և մոմավառություն տեղի ունեցավ նաև Իրաքի հայաշատ Բասրա, Զախո և Էրբիլ քաղաքներում»։



