Դանիայի մշակույթի նախարարը մասնակցել է Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոպենհագենի Տրինիտատիս եկեղեցում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Բերտել Հորդերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառումից հետո նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Տրինիտատիս եկեղեցում հերոսուհիներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին նվիրված հիշատակման ելույթով հանդես եկա: Հայաստանում նրանց պաշտում են ջանքերի համար, որոնք նրանք գործադրել են այն ժամանակ, որը Թուրքիան մերժում է ճանաչել որպես ցեղասպանություն, թեև 1915 թվականին դա աներևակայելի տառապանքների և մահվան երթի հետևանքով 1.5 միլիոն հայերի կյանք է խլել»:
Հարկ է նշել, որ Բերտել Հորդերը համարվում է Դանիայի կառավարության ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը:




