Լսողական խնդիրներով հայ ըմբիշները կմասնակցեն Իրանում կայանալիք աշխարհի առաջնությանը
ՍՊՈՐՏԻրանի մայրաքաղաք Թեհրանում մայիսի 1-ին մեկնարկելու է լսողական խնդիրներ ունեցողների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 9-ը:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ Հայաստանի՝ լսողական խնդիրներ ունեցող ըմբիշների հավաքականը ևս մասնակցելու է Թեհրան քաղաքում կայանալիք մարզական միջոցառմանը:
Թեհրանում Հայաստանը ներկայացնելու են 50 կգ քաշայիններ Սահակ Թադևոսյանը և Սենիկ Սերոբյանը, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը, 59 կգ քաշային Սարգիս Սարգսյանը, 60 կգ քաշային Արգիշտի Բաբայանը, 61 կգ քաշային Տիգրան Պետրոսյանը, 71 կգ քաշային Ժորա Գրիգորյանը: Ավելի բարձր՝ 74 կգ քաշային կարգում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ ի դեմս Արարատ Սարգսյանի և Գարիկ Պողոսյանի:
75 կգ քաշային Արտակ Տերտերյանը, 85 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը և 98 կգ քաշային Հովհաննես Այվազյանը ևս հնարավորություն են ստացել Թեհրանում ներկայացնելու Հայաստանի մարզական պատիվը:
Վերոնշյալ բոլոր ըմբիշներն էլ իրական հնարավորություններ ունեն աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրավելու առումով: