Ռոուհանի. Նավթի արդյունահանումն առաջիկայում կհասնի պատժամիջոցների սահմանումից առաջվա մակարդակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական նավթի արտահանումն արդեն առաջիկայում պատժամիջոցների սահմանումից առաջվա մակարդակին կհասնի: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է նորընտիր խորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ համաժողովի ժամանակ:
«Նավթի արտահանումն առաջիկայում կհավասարվի պատժամիջոցների սահմանումից առաջվա մակարդակին, նաեւ մասամբ կլուծվեն միջազգային միջբանկային հաշվարկների հետ կապված խնդիրները»,- երկրի ղեկավարի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը:
2012 թվականին Իրանի նավթային հատվածի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից առաջ Թեհրանն օրական մինչեւ 2.5 մլն բարել նավթ էր արտահանում: Պատժամիջոցների սահմանումից հետո երկրի արտահանման ծավալները չէին գերազանցում իրական 1 մլն բարելը:
Ըստ Shana գործակալության, Թեհրանում Նավթի, գազի եւ նավթաքիմիայի 21-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանդանեն հայտարարել է, որ Իրանից նավթի արտահանումն արդեն հասել է օրական 2.45 մլն բարելի: Նա կրկնել է երկրի դիրքորոշումը. «Ոչինչ չի կարող Իրանին հետ պահել նավթի շուկայում իր մասնաբաժնի վերականգնումից»:



