ԻՊ-ն ահաբեկչական գործողություն է ծրագրում Աթաթուրքի դամբարանում. «Հուրիեթ»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի հետախուզական մարմինները տեղեկություններ են հայթայթել այն մասին, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը մտադրված է մայիսի 19-ին` Աթաթուրքի հիշատակման, երիտասարդության և սպորտի օրը թիրախավորել Անկարայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բացի այդ, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության տվյալներով` ԻՊ-ն մտադիր է հարձակումներ իրականացնել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև Անկարայի Ջեբեջի թաղամասում գտնվող զինվորական բաժանմունքի վրա: Թուրքական հետախուզության ունեցած տեղեկություններով` ԻՊ անդամ 10 ահաբեկիչ արդեն մուտք է գործել Թուրքիա և տասը տարբեր գործողություններ է ծրագրավորում իրականացնել երկրում:
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունից 81 քաղաքներին և մասնավորապես Անկարային անվտանգության լրջագույն միջոցներ ձեռնարկելու և զգոն լինելու կարգադրություն է արվել:



