Մահմեդականները տարեկան 1,8 տրլն դոլար են ներդնում իսլամական բանկերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական բանկերն ավելի արագ են զարգանում ավանդական բանկերից, մահմեդականները տարեկան 1,8 տրիլիոն դոլար են ներդնում իսլամական բանկերում: Այս մասին հայտնել Է Արաբական Միացյալ Էմիրությունների Էկոնոմիկայի փոխնախարար Աբդուլա ալ Սալեհը Կազանում կայացած գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Իսլամական տնտեսությունը զարգանում Է կայունորեն, մեր իսլամական բանկերը զարգանում են ավելի արագ, քան ավանդական բանկերը,- ասել Է փոխնախարարը:- Մահմեդականները տարեկան 1,8 տրիլիոն դոլար են պահ տալիս իսլամական բանկերին, դա վկայում Է, որ կան իսլամական դրամագործության զարգացման մեծ հեռանկարներ»:
Ինչպես գագաթնաժողովում նշել Է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը, «այսօր իսլամական ֆինանսավորման հատվածն ամենաարագ զարգացողներից մեկն Է աշխարհում, դրա տարեկան աճը կազմում Է 15 – 20 տոկոս»:
Իսլամական բանկինգը գործում Է իսլամական տնտեսական սկզբունքների պահպանմամբ: Կրոնը մահմեդականներին արգելում Է զբաղվել վաշխառությամբ, ուստի իսլամական բանկերը տոկոսով փող չեն տալիս: Կազմակերպություններն ուղղակիորեն եկամուտներ են ստանում այն գործարար-ծրագրերի շահույթից, որոնցում միջոցներ են ներդնում:



