Մերկելին անհանգստացնում են Անկարայի գործողությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին Թուրքիայում ընդունված օրենքը:
Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դա «լուրջ մտահոգություններ է առաջացնում» եւ «ծանր հետեւանքներ կունենա» քուրդ քաղաքական գործիչների համար:
Ըստ ՏԱՍՍ-ի, Մերկելը հիշեցրել է, որ «անցյալ տարի քրդերի հետ մերձեցման եւ հաշտեցման գործընթացը խափանվեց»:
«Մենք ուզում ենք, որպեսզի քրդերը Թուրքիայում հավասար իրավունքներ եւ լավ ապագա ունենան»,- ասել է նա՝ հավելելով, որ Գերմանիան, ամեն դեպքում, Քրդական աշխատավորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է համարում:
Կանցլերը հաղորդել է, որ մտադիր է երկուշաբթի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններում քննարկել «բոլոր կարեւոր հարցերը»: Նա հերքել է մեղադրանքներն այն մասին, որ ԵՄ-ն կախվածության մեջ է Անկարայից՝ փախստականների հարցով գործարքի հետ կապված, նաեւ ընդգծել, որ Թուրքիան պետք է կատարի բոլոր պայմանները՝ վիզային ռեժիմի չեղարկման համար:



