Մերկելը ողջունել է Սավչենկոյի ազատումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է «ռազմագերիների փոխանակման շրջանակներում ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյի ազատումը»: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:
ԳՖՀ-ի կառավարությունը հուսով է, որ դա «նոր դինամիկա կհաղորդի հումանիտար հարցերի եւ գերիների փոխանակման շուրջ բանակցություններին՝ Մինսկի պայմանավորվածություններին համաձայն»:
Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաեւ ՌԴ-ի քաղաքացիներ Եվգենի Երոֆեեւի ու Ալեքսանդր Ալեքսանդրովի ազատումը ողջունել են օտարերկրյա բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն իր հերթին հայտարարել է, որ Սավչենկոյին ներում շնորհելը կարող է դրական ազդակներ հաղորդել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործընթացին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



