Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է արել Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Բունդեսթագում Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քայլը բնորոշել է հերթապահ ձևակերպումներով` անվանելով այն «ամոթալի»:
Պաշտոնական Անկարան նշել է, թե իրենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Նրանք մեղադրել են գերմանական կողմին 1915 թվականի դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Որպես նման գործելաոճի պատճառ` Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիային հակաթուրքականության ու հակաիսլամականության տրամադրվածություն ունենալու մեջ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով: Պաշտոնական Անկարայից հայտնել են, որ Գերմանիայում իրենց դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար:
Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրա նք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:



