Սպարտակ Մելիքյանի կինը ամուսնուց ավելի բարձր աշխատավարձ է ստանում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված իր՝ 2015թ-ի տարեկան հայտարարագրում նշել է 176 միլիոն 937 հազար դրամ փոխառություններ:
Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում զգալիորեն նվազել են: Եթե տարեսկզբին նա հայտարարագրել էր քսան միլիոն դրամ եւ 400 հազար ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին այս ամենից մնացել է միայն 14 միլիոն դրամ եւ 60 հազար ԱՄՆ դոլար:
Մելիքյանի նախորդ տարվա աշխատավարձն էլ կազմել է չորս միլիոն 541 հազար 380 դրամ: Վերջինս որպես եկամուտ է նշել 140 հազար եւ 680 հազար դրամ վարձավճարները: Բացի այդ նա նախորդ տարի որպես հեղինակային վարձատրություն է ստացել 215 հազար 500 դրամ:
Պատգամավորի կինը՝ Քնարիկ Մելիքյանը, նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող թվով հինգ հողամաս, որից ստացված հասույթը ընդհանուր կազմել է 10 միլիոն դրամ:
Ինչ վերաբերում է իր դրամական միջոցներին, ապա տարեսկզբին դրանք կազմել են 50 միլիոն դրամ եւ 750 հազար ամերիկյան դոլար: Արդեն տարեվերջին Մելիքյանի կնոջ դրամական միջոցները նույնպես նվազել են ու կազմել ընդամենը մեկուկես միլիոն դրամ:
Վերջինս որպես մեկ տարվա աշխատավարձ է հայտարարագրել վեց միլիոն 165 հազար 600 դրամը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան