Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի Anakonda ընդգրկուն զորավարժությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանում հունիսի 6-ին մեկնարկում են այդ երկրի պատմության մեջ ՆԱՏՕ-ի ամենաընդգրկուն զորավարժությունները: Լեհաստանի մայրաքաղաքի պաշտպանության ազգային ակադեմիայում կկայանա վարժանքների բացման պաշտոնական արարողությունը: Զորավարժությունների գործնական մասի սկիզբը պլանավորված է հունիսի 7-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը, Anakonda-16-ին կմասնակցեն ռեկորդային թվով պետություններ ու զինվորներ: Զորավարժություններում գործի կդրվեն 24 երկրների 31 հազար զինվորներ, այդ թվում՝ 12 հազարը Լեհաստանից, 10 հազարն՝ ԱՄՆ-ից, մոտավորապես հազարը՝ Մեծ Բրիտանիայից: Վարժանքներում կօգտագործվի երեք հազար միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր ու զրահափոխադրիչներ, 100-ից ավելի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ 12 նավեր:
«Վարժանքների նպատակը ազգային եւ կոալիցիոն հրամանատարությունների ու ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն է միավորված պաշտպանողական գործողության շրջանակներում՝ խառը սպառնալիքների հայտնվելու պայմաններում»,- հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP



