Մեծ է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, իր ավանդը կներդնի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար: Այս մասին մասին հունիսի 7-ին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ոչ միայն պահպանել հրադադարը, այլ նաեւ քաղաքական գործընթացում առաջընթաց գրանցել: «Այդ առումով պետք է համագործակցել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ բոլոր անդամների հետ: Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք առաջ տանել գործընթացը: Միայնակ չենք կարող դա անել, դրա մասն են հակամարտության բոլոր կողմերը»,-ընդգծել է Մերկելը:
Նա նաեւ ասել է, որ հատկապես մեծ է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Մենք մեր շփումները կօգտագործենք ռուսների, ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ, երբ խոսքը հակամարտության լուծման հասնելու մասին է»,-հավելել է Մերկելը:



