Ադրբեջանում 80 տոկոսով կրճատվել է նոր ավտոմեքենաների վաճառքը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գների անկմանը զուգահեռ ազգային արժույթի` մանաթի արժեզրկման հետ կապված Ադրբեջանում բանկային համակարգում ծագած ճգնաժամի պատճառով բանկերի կողմից վարկավորման պայմանների խստացումն ու ավտոմեքենաների թանկանալը բերել են երկրորդային շուկայում ավտոմեքենաների վաճառքի 55 տոկոսով կրճատմանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fins.az կայքը` նշելով, որ Ադրբեջանում նոր ավտոմեքենաների վաճառքի մակարդակը 80 տոկոսով ընկել է:
Կայքի հետ զրույցում Ադրբեջանում KIA Motors ընկերության ներկայացուցչության ղեկավար Զեքա Ալիբեկովը հայտնել է, որ KIA-ն արդեն սկսել է փակել իր ներկայացուցչություններն Ադրբեջանում:
Նրա խոսքով` ստեղծված ճգնաժամի պատճառով KIA Motors-ը ստիպված փակել է իր մի քանի ներկայացուցչություներն Ադրբեջանում:
«Այդ գործընթացը դեռ կշարունակվի: Մինչեւ տարեվերջ մենք կփակենք եւս 2-3 կենտրոն: Վաճառքի նվազման պատճառով արդեն փակվել են Բադամդար ավանում եւ Մասալլիում մեր պաշտոնական ներկայացուցչությունները», -ասել է նա: