«Ալաշկերտը» 3-0 հաշվով հաղթեց «Սանտա Կոլոմային»
ՍՊՈՐՏԱյսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացավ «Ալաշկերտի» եւ անդորրական «Սանտա Կոլոմայ» թիմի խաղը: «Ալաշկերտը» անդորրացիներին ջախջախիչ պարտության մատնեց՝ «Սանտա Կոլոմայի» դարպաս երեք գնդակ ուղարկելով:
Սա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղն էր: Նախորդ խաղն ավարտվել էր ոչ ոքի:
Հանդիպման 13-րդ րոպեին առաջին գոլը խփեց Վահագն Մինասյանը: Աջ եզրում անկյունայինի փոխանցումից հետո Մինասյանը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպաս: Արդեն երկրորդ խաղակեսի 84-րդ րոպեին եւս մեկ գնդակ դարպաս ուղարկեց Նորայր Գյոզալյանը:
«Ալաշկերտի» երրորդ գնդակն էլ հակառակորդի դարպասն ուղարկեց Արթուր Եդիգարյանը: Նա առաջին հպումով տուգանայինից հարված կատարեց, սակայն դարպասապահը ետ մղեց գնդակը: Այնուհետեւ Կարեն Մուրադյանը գնդակը կրկին փոխանցեց Եդիգարյանին, ում այս անգամ հաջողվեց գրավել անդորրական թիմի դարպասը: Խաղի 88-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-0 հօգուտ Ալաշկերտի:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան