Թզենու բուժիչ հատկությունները
ԼԱՅՖՀայաստանում թուզը դեռևս հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժական նպատակներով: Օրինակ` հազի դեպքում օգտագործվել է տերևների եփուկը` ջրի, կամ պտուղներինը` կաթի մեջ։
Թուզը հարուստ է կալիումով` 270 մգ, պարունակում է 18 մգ նատրիում, 20 մգ մագնիում, մոտ 32-ական մգ կալցիում և ֆոսֆոր։ Այս տարրերի փոխհարաբերակցությունը բարենպաստ է մարդու օրգանիզմի համար։ Թզի պտուղը պարունակում է նաև ենթավիտամին A, ասկորբինաթթու, B1, B2, D վիտամիններ, ֆլավոններ, ճարպ, մոտ 1% օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, բորի, թրթնջուկի)։ Տերևները պարունակում են կումարին։
Թուզը խորհուրդ է տրվում ընդգրկել անեմիայով հիվանդների սննդակարգի մեջ, այն պարունակում է ավելի շատ երկաթ, քան խնձորը, օգնում է նոր մայրացած կանանց վերականգնել ուժերը, օգտակար է նաև հղիության շրջանում։
Թզից պատրաստված օշարակը լավացնում է ախորժակը և մարսողությունը, խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին։
Թզենու պտուղը, կալիումի զգալի պարունակության շնորհիվ, իջեցնում է արյունատար անոթների լարվածությունը (լայնացնում և թուլացնում դրանք)։
Թուզն օգտակար է հիպերտոնիայի և վարիկոզի դեպքում։ Պտղամսում պարունակվող ֆերմենտը (ցինին) իջեցնում է արյան մակարդելիությունը և նպաստում թրոմբների ներծծմանը։
Թուզն օգտակար է տախիկարդիայի, լյարդի, փայծաղի, բրոնխների ասթմայի, հազի, կրծքավանդակի շրջանում լանջաթաղանթի կոշտացման դեպքում, նպաստում է մկանային ուժի ավելացմանը։
Թզի կաթնային հյութը հեռացնում է երիկամների ավազը, կանխում արյունահոսությունը, նվազեցնում է կերակրող մայրերի կաթը, նպաստում դժվար ապաքինվող թարախային վերքերի բուժմանը, կորյակների հեռացմանը։
Թուզը բարձրացնում է մտավոր կարողությունը, անփոխարինելի ուտեստ է ստեղծագործ մարդկանց համար։
Թուզը հակացուցված է հոդատապի, շաքարային դիաբետի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։



