Օրվա բաղադրատոմսը. Տորթ «Նապոլեոն» շերտավոր խմորից
ՖՈՏՈՏորթի ստեղծման մի քանի վարկած կա։ Վարկածներից մեկի համաձայն, տորթի բաղադրատոմսը հորինել է հենց ինքը` Նապոլեոն Բոնապարտը, երբ Ժոզեֆինան հանկարծակի բռնացնում է նրան դավաճանության մեջ։ Որպես արդարացում, հնարամիտ կայսրն ասում է, թե իր հորինած բաղադրատոմսով կիսվելու ցանկությամբ է այդտեղ հայտնվել և հանպատրաստից հորինում է տորթի բաղադրատոմսը, որը հետագայում դառնում է Ֆրանսիայի հարստությունը։ Իսկ երեկոյան ընթրիքի ժամանակ, ողջ արքունիքը ծափահարում էր հնարամիտ կայսերը։
Շերտավոր խմորից պատրաստված Նապոլեոնը շատ համեղ է, բայց միևնույն ժամանակ շատ հեշտ է պատրաստման մեջ։
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր – 1 կգ (առանց խմորիչ)
- Կրեմի համար՝
- կաթ – 1լ
- ալյուր – 90 գր
- շաքարավազ – 300 գր
- ձու – 3 հատ (դեղնուց)
- վանիլին – 1 թ/գդ
- կարագ – 150 գր
Պատրաստման եղանակ
Եթե շերտերը արդեն գրտնակած են, գրտնակելու կարիք, բնականաբար, չկա։ Պարզապես շերտերը շարում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ և պատառաքաղով ծակծկում ենք, որպեսզի թխվելուց չուռչեն։
Խմորը թխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 15-25 րոպե, մինչև թեթև ոսկեգույն երանգ ստանանք։
Ամբողջությամբ սառեցնում ենք։
Պատրաստում ենք կրեմը։
Դեղնուցները, շաքարավազը և վանիլինը դնում ենք ամանի մեջ և խառնիչով լավ տրորում ենք։
Ավելացնում ենք ալյուրը և մոտ 1 բաժակ կաթը, լավ խառնում ենք մինչև միասեռ դառնա։
Մնացած կաթը լցնում ենք հաստ տակով կաթսայի մեձ, և տաքացնում ենք։
Խառնելու ընթացքում ավելացնում ենք դեղնուցներով զանգվածը։
Կրեմը անընդհատ խառնելով մոտ 10-15 րոպե միջին ուժեղության կրակի վրա եփում ենք, մինչև զանգվածը զգալիորեն թանձրանա։
Այնուհետև կրեմը մոտ 10-20 րոպե սառեցնում ենք, ավելացնում ենք կարագի կտորները, լավ խառնում ենք, որպեսզի կարագի կտորները ամբողջությամբ հալվեն ։
Կրեմը պատրաստ է։
Պատրաստի շերտերը 2 կես ենք անում, որպեսզի տորթի շերտերը ավելի բարակ լինեն, իսկ տորթը լավ ներծծվի։ Եթե թխելուց առաջ արդեն գրտնակել ենք շերտերը, հավանաբար, կտրելու կարիք չի լինի։
Շերտերը լավ կլինի տապակի մեջ շարենք, որպեսզի փշրանքները մնան տապակի մեջ։
Սկսում ենք տորթը հավաքել։
Ամանի վրա են դնում շերտի 2 կեսերը (կիսած հատվածով դեպի վերև)։
Վրան առատորեն կրեմով պատում ենք։
Այդպես հաջորդաբար բոլոր շերտերը դասավորում ենք իրար վրա (1 շերտը թողնում ենք փշրանքի համար): Նախքան վերջին շերտը կրեմով պատելը, տորթը թեթևակի սեղմում ենք։
Տորթի կողքերը ևս պատում ենք կրեմով։ Մնացած շերտը փշրում ենք անմիջապես տապակի վրա։ Ստացված փշրանքով պատում ենք տորթի վերևամասն ու կողքերը։ Եթե մրգերով ձևավորելու եք, ապա մեջտեղի մասի վրա փշրանք չենք անում։ Տորթը 8-24 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որ ներծծվի։
Ձևավորում ենք մրգերով կամ հատապտուղներով։
Կարելի է ձևավորել նարնջի, կիվիի կտորներով և որևէ հատապտղով, իսկ մեջտեղի հատվածում նարնջից վարդ ենք պատրաստում։ Ըստ ցանկության վրձնով կարող ենք մրգերը ժելեապատել։
Տորթը կարող ենք նաև շոկոլադե քերուկով, մանրացված ընկույզով կամ ըստ ճաշակի ձևավորել։
Մեր կայքում Նապոլեոնի բաղադրատոմսեր կան, բայց այս մեկը ավելի հեշտ է պատրաստման մեջ, քանի որ պատրաստվում է պատրաստի շերտավոր խմորից։ Եփովի կրեմով է, բայց կարող ենք կարագով ու խտացրած կաթով կամ սերուցքով պատրաստել։ Ձևավորումը` ըստ ցանկության։ Բայց ընտրությունը Ձերն է։