Կտրուկ աճել է արտահանումը դեպի Ռուսաստան և ԵՄ
ԲԼՈԳԱնահիտ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2016-ի հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ 129 մլն դոլար, աճելով 18,9 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 985 մլն դոլար, նվազելով 2,1 տոկոսով։ Այս տվյալներն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կրճատվել է, կազմելով մոտ 856 մլն դոլար:
Դեպի մեր հիմնական շուկա՝ Ռուսաստան արտահանումը կտրուկ՝ 62,1 տոկոսով աճել է, կազմելով 223 մլն դոլար: ԱՊՀ երկրներից զգալիորեն աճել են նաեւ դեպի Բելառուս, Ղազախստան եւ Ուկրաինա արտահանումը:
Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ 2016թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 307 մլն դոլար, աճելով 13,8 տոկոսով: Աճի այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է դեպի մեկ երկիր՝ Բուլղարիա 2,1 անգամ կամ մոտ 55 մլն դոլար արտահանման աճով:
Գումարային առումով զգալի աճ է արձանագրվել դեպի Շվեյցարիա, Իրաք, Կանադա, Վրաստան արտահանումը: Նկատելիորեն նվազել են դեպի Չինաստան, Իրան, ԱՄՆ արտահանման ծավալները: