Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթային պահուստները 60 մլն դոլարով նվազել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կենտրոնական բանկի (AMB) արտարժույթային պահուստները մեկ ամսում 60 մլն դոլարով պակասել են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական marja.az լրատվականը:
AMB արտարժույթային պահուստները 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 4 մլրդ 132.7 մլն դոլար, ինչը սեպտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 59.8 մլն դոլարով, կամ 1.43 տոկոսով:
Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ԿԲ արտարժույթային պահուստները նվազել են 2 մլրդ 882 մլն դոլարով կամ 41.09 տոկոսով, իսկ 2016 թվականի սկզբի համեմատ՝ 884 մլն դոլարով` 17.62 տոկոսով:
Անցյալ տարի նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ:
Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: