Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 1.6 տոկոսով
ECONOMICSՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին 1.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ ցուցանիշն աճել է 7 տոկոսով:ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 0.1 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 9.3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 6.5 տոկոս է: 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 8.1 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ նվազել է 2.6 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-սեպտեմբերին նվազել է 0.1 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 1 տրիլիոն 563 միլիարդ 001.5 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.1 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 028 միլիարդ 005.3 միլիոն դրամ:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.2 տոկոսով (185 հազար 270 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.7 տոկոսով` կազմելով 160 հազար 688 դրամ, ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 4.4 տոկոսով` կազմելով 217 հազար 943 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2015թ. հունվար- սեպտեմբերի համեմատ աճել են 5.7 տոկոսով (3 միլիարդ 588.1 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 19.6 տոկոսով (1 միլիարդ 293.1 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 0.8 տոկոսով (2 միլիարդ 295 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 481.03:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: