Հայաստանի առաջնությունում կարևոր դեր են խաղացել երիտասարդները
SPORTՀայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի կարծիքով, երկրի առաջնությունում հիմնականում տոն էին տալիս երիտասարդ բռնցքամարտիկները:
«Այս առաջնությունում հիմնականում տոն էին տալիս երիտասարդները: Հիմա մեր գլխավոր հույսը հենց երիտասարդներն են, քանի որ մեծահասակներից ոմանք Օլիմպիական խաղերի ավարտից հետո մտան պրոֆեսիոնալ ռինգ, և հաջորդ Օլիմպիական խաղերի համար նրանց հետ հույս կապելը դժվար կլինի: Իսկ ինչ վերաբերում է երիտասարդական հավաքականին, ապա առաջնության ավարտից հետո թիմի կազմում փոփոխություն չի լինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:
5-օրյա պայքարում ի հայտ եկան 2016 թվականի Հայաստանի չեմպիոնները, ովքեր պետք է համալրեն ազգային հավաքականի կազմը: Հայաստանի չեմպիոններ դարձան Գալուստ Բաբախանյանը (49 կգ), Դավիթ Ասատրյանը (52 կգ), Վահե Բադալյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Արթուր Բիրաջյանը (64 կգ), Գոռ Երիցյանը (69 կգ), Վահե Հարեթյանը (75 կգ), Արսեն Հայրապետյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Դավիթ Չալոյանը (91+ կգ):
Այս տարի առաջնությանը մասնակցում էին մոտ 100 մարզիկ: