Թուրք ազգայնամոլները մահակներով հարձակվել են Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատան վրա
INTERNATIONAL NEWSՍտամբուլի Թուզլա թաղամասի հայկական «Քամփ Արմեն» որբանոցի դեմ սեպտեմբերի 7-ի գիշերը մահակներով հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «Քամփ Արմեն» որբանոցի քանդման դեմ «Քամփ Արմեն»-ում հերթապահություն անող «Նոր Զարթոնք» շարժման կայքը, սեպտեմբերի 7-ի գիշերը մահակներով զինված 6 հոգի մոտեցել են որբանոցին եւ փորձել են բացել դարպասները, սակայն հերթապահություն իրականացնողներին հաջողվել է հետ մղել հարձակվողներին։
Սակայն «Քամփ Արմենի» հերթապահողները զգուշացնում են, որ նմանատիպ հարձակումներ, հնարավոր է, էլի լինեն եւ խնդրում են իրենց աջակցել ու համերաշխություն հայտնել։
Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։
Հիշյալ մանկատանն են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։



