Վարչապետը նաիրիտցիներին տեղեկացրել է, որ մինչև հուլիսի 15-ը կվճարվի նրանց աշխատավարձի ողջ պարտքը
ECONOMICSՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները:
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, քննարկվել են գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:
Կառավարության ղեկավարը նշել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարել է ձևավորել հանձնաժողով, որը կզբաղվի աշխատավարձերի հաշվարկման ու ճշգրտման հարցերով, և մինչև ս.թ. հուլիսի 15-ը աշխատավարձի ողջ պարտքը կվճարվի:
Հանդիպմանն արծարծվել են նաև «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորություններին առնչվող հարցեր: Ի պատասխան այս հարցի կապակցությամբ նաիրիտցիների ներկայացրած առաջարկությունների՝ վարչապետը նշել է. «Կառավարությունը շահագրգռված է, որ «Նաիրիտ» գործարանն աշխատի: Մենք պատրաստ ենք քննարկել «Նաիրիտ»-ի վերագործարկման յուրաքանչյուր ողջամիտ, հիմնավոր ու իրատեսական առաջարկ և հնարավորության դեպքում աջակցել դրա կյանքի կոչմանը»: