Ադրբեջանը կրճատել է նավթի արտահանման ծավալները
ECONOMICSԱդրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ընթացիկ տարվա հուլիսի նկատմամբ օգոստոսին 7,4 տոկոսով կրճատել է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանման խողովակաշարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով SOCAR-ի հրապարակած վիճակագրությանը:
Նավթի համաշխարհային գների և մանաթի փոխարժեքի անկման պատճառով, Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական և մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Դեռևս 2015 թվականի մայիսին, Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունն Ադրբեջանում մանաթի արժեզրկում և տնտեսության աճի տեմպի նվազում էր կանխատեսել այս տարվա երկրորդ կեսին' կասկած հայտնելով Ադրբեջանի բանկային համակարգի կայունության և բանկերի կողմից արժեթղթերի ու ավանդների սպասարկման վերաբերյալ:
Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի էժանացումը լրջորեն նվազեցրել է Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Փորձագետների կարծիքով, 2015 թվականին Ադրբեջանում պետք չէ սպասել 1.9 տոկոսից ավելի տնտեսական աճ: 2014 թվականին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստները նվազել էին 2,78 տոկոսով: