«Գազպրոմի» հիմնական գնորդներից Թուրքիան Իրանի միջոցով թուրքմենական գազ է գնելու
ECONOMICSՌուսաստանյան «Վեդոմոստին» հայտնում է, որ «Գազպրոմ» ընկերության գլխավոր գնորդներից մեկը հանդիսացող Թուրքիան Իրանի միջոցով թուրքմենական գազ է գնելու:
Աղբյուրը վկայակոչում է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի հայտարարությունը: Ըստ այդմ` մասնավոր թուրքական ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել 2 մլրդ խ/մ գազ գնել Թուրքմենիայից: Դա կարվի Իրանի տարածքով: Անկարան ցանկանում է թուրքմենական գազի իր գնելիք ծավալը հասցնել 10 մլրդ խ/մ-ի:
Աղբյուրը գրում է, որ Թուրքիան և Եվրոպան վաղուց արդեն քննարկում են թուրքմենական գազի գնման տարբերակը: Ավելին` Եվրահանձնաժողովը հույս ունի, որ Թուրքմենստանն ու Ադրբեջանը Կասպից ծովի տակով Տրանսկասպիական գազամուղը կանցկացնեն: Մայիսին Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը հռչակագիր էին ստորագրել այս նախագծի առիթով, հունիսին նախատեսվում է աշխատանքային խմբի ստեղծումը: Աղբյուրի գնահատմամբ` թուրքմենական գազը այս կերպ «մոտենում է» Եվրոպային:
Այժմ ԵՄ-ն նոր էներգետիկ ռազմավարություն է ընտրել, որի նպատակն է նվազեցնել կախումը ռուսաստանյան գազից: Իսկ թուրքմենական գազի հայտնվելը թուրքական շուկայում ձեռնտու չէ «Գազպրոմին»: Թուրքիան տարեկան 45 մլրդ խ/մ գազ է սպառում, որից 27 մլրդ խ/մ-ն մատակարարում է «Գազպրոմը», որը ցանկանում է մեծացնել այդ ծավալը: