Աղոթք, սրբապատկերներ, խաչեր…Ինչով է պայմանավորված Սյուզի Մելիքյանի այս հոգեվիճակը
PHOTOAsekose.am-ը գրում է.
Վերջին շրջանում երգչուհի Սյուզի Մելիքյանի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կարելի տեսնել հավատքին վերաբերող լուսանկարներ, գրառումներ և մտքեր:
«Մարդու հավատքն իր կյանքի շարժիչ ուժն է և այդ ամենը, կարծում եմ, օրինաչափ է: Չնայած կան մարդիկ, ովքեր ոչինչ չեն հրապարակում` նախընտրելով այդ ամենն իրենց մեջ պահել: Երբ ֆեյսբուքյան իմ էջում հանդիպում եմ նմանատիպ լավ մտքեր Աստծո և հավատքի վերաբերյալ, միշտ կիսվում եմ դրանցով: Համացանցն այնքան է ողողված բացասական երևույթներով, որ մարդու ուղեղը ծանրաբեռնվում է: Ես գտնում եմ, որ համացանցը միջոց է, որով մարդը կարող է կիսվել նմանատիպ մտքերով, որոնք հատուկ են շնորհակալ մարդուն: Բացի այդ, համացանցը միացնում է ամբողջ աշխարհը, այդ պատճառով էլ պետք է տարածել դրական խոսքեր, հավատքին վերաբերող մտքեր, որպեսզի այդ դրական և լուսավոր բաները միշտ մնան»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Սյուզի Մելիքյանը:
Վերջինիս խոսքով` ինքը միշտ էլ մեծ հավատ է ունեցել, և այս ամենը պայմանավորված չէ որևէ իրադարձությամբ.
«Յուրաքանչյուր մարդ իր ծնվելուց սկսած պետք է շնորհակալ լինի Աստծուն մինչև իր կյանքի վերջին րոպեն, հնարավորության դեպքում նաև կիսվի այդ ամենով, որովհետև նման դեպքում շատերի մոտ, ովքեր հեռացել են Աստծուց, հնարավոր է լուսավոր մի բան առաջանա`տեսնելով նրա գրառումը կամ տեղադրած լուսանկարը»:
Երգչուհին զրույցի ընթացքում նաև հերքեց հնարավոր կարծիքները, որոնց համաձայն`ինքն այս կամ այն կրոնական կազմակերպության անդամ է.
«Բոլորն էլ գիտեն, որ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, նման բան չի կարող լինել: Քրիստոնյա եմ, ով հավատում է Աստծուն»,-իր խոսքը եզրափակեց Սյուզի Մելիքյանը: