Կարելի է ասել՝ մահից եմ պրծել. Բեն Ավետիսյանը՝ իր հետ պատահած ավտովթարի մասին
PHOTOԵթե հիշում եք, մոտ երկու ամիս առաջ խոսակցություններ էին տարածվել, թե «Երանի» հեռուտասերիալի սիրված դերասան Բեն Ավետիսյանը ավտովթարի էր ենթարկվել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, Բենը հերքեց տարածված խոսակցությունները՝ դրանք որակելով որպես բամբասանք:
Օրերս կրկին տարածվեցին լուրեր այն մասին, որ դերասանը լուրջ վթարի է ենթարկվել: Նորից կապ հաստատեցինք Բենի հետ՝ պարզելու խոսակցությունների իսկությունը:
«Այո, դեպքը տեղի է ունեցել մոտ 15 օր առաջ: Հանգիստ վարում էի ավտոմեքենաս, երբ հետեւից հարված զգացի: Մինչ ես եւ ինձ հարվածած բեռնատարի վարորդը սպասում էինք ԱՊՊԱ-ին, արդեն կանգնած ավտոմեքենայիս բախվեց Volkswagen մակնիշի ավտոմեքենա…»,-նշում է Բենը, որի ավտոմեքենան Infiniti FX 35 մակնիշի է:
«Կարելի է ասել՝ մահից եմ պրծել, որովհետեւ մինչ ավտոմեքենայիս հարվածելը, ես այդ նույն տեղում կանգնած զրուցում էի հեռախոսով, եւ հարվածից միայն մեկ վայրկյան առաջ մի քանի քայլ հեռացա ավտոմեքենայից: Հակառակ դեպքում՝ չեմ պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ: Բայց փառք Աստծո՝ ինձ հետ ամեն ինչ լավ է, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա»,-վստահեցնում է դերասանը:
NEWS.am STYLE-ը Բենի գլխավորությամբ՝ բոլորին անփորձանք երթեւեկություն է մաղթում:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE