Լեւոն Արոնյան. Եթե հնարավորություն լինի, կզբոսնեմ Բաքվում
SPORTՇատ հետաքրքիր մրցաշար է սպասվում, ասել է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Բաքվում: Հայ գրոսմայստերը կմասնակցի սեպտեմբերի 11-ին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկությանը:
«Ցանկանում եմ ինչքան հնարավոր է լավ հանդես գալ այս մրցաշարում: Հիմնական մրցակիցներիցս կլինեն նաեւ Թեյմուր Ռաջաբովն ու Շաքրիյար Մամեդյարովը: Թեեւ մրցաշարի ժամանակացույցը շատ խիտ է, բայց հնարավորության դեպքում, կզբոսնեմ քաղաքում»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է Azerisport-ը:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում 9-րդ համար Լեւոն Արոնյանը կմրցի 120-րդ համար Միխայել Վայդենկելերի (Լյուքսեմբուրգ), 44-րդ համար Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի 85-րդ համար Մատեուշ Բարտելը (Լեհաստան), 101-րդ համար Սամվել Տեր-Սահակյանը կխաղա 28-րդ համար Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), 82-րդ համար Հրանտ Մելքումյանը կմրցի 47-րդ համար Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը (112-րդ համար) առաջին փուլում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, 79-րդ համար Վարուժան Հակոբյանը՝ 50-րդ համար Վիկտոր Լազնիցկայի (Չեխիա) հետ:
Մրցաշարը նոկաուտ մրցակարգով է, պարտվողը դուրս է մնում պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է: